• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

Հարցազրույց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Միքայել Վարդանյանի հետ «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

13 հուլիսի, 2011

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #128, 13-07-2011 Աղավնի Հարությունյան


«Ազգի» հարցազրույցը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Միքայել Վարդանյանի հետ


- Պրն Վարդանյան, ավարտվեց Ռումինիայի նախագահությունը այն կազմակերպությունում, որտեղ դուք ներկայացնում եք Հայաստանի շահերը: Ի՞նչ ակնկալիքներ ուներ Հայաստանը Ռումինիայի նախագահության ընթացքում եւ ի՞նչ կարելի է սպասել հաջորդ նախագահողի` Ռուսաստանի պարագայում:
- Վերջերս Բուխարեստում Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցում էի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) բարձրագույն մարմնիՙ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպմանը, ինչպես նաեւ ՍԾՏՀ ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստի աշխատանքներին: Խորհուրդը ամփոփեց ՍԾՏՀ-ում Ռումինիայի կես տարվա նախագահության արդյունքները, ընդունվեցին մի քանի տասնյակ որոշումներ: Կազմակերպությունում նախագահությունը փոխանցվեց Ռուսաստանին:
Տարածաշրջանային սոցիալ-տնտեսական զարգացման խթանման ուղղությամբ նախագահության կարեւոր հայեցակարգային նվաճումներից կառանձնացնեի ՍԾՏՀ նոր տնտեսական օրակարգի նախագծի մշակումը: Կոնկրետ արդյունքներ են արձանագրվել ՍԾՏՀ էներգետիկայի բնագավառում հետագա համագործակցության զարգացման ուղղությամբ: Ի կատարումն 2010թ. հունվարին Սոֆիայում ընդունված հռչակագրիՙ անդամ երկրների առաջարկությունների հիման վրա մշակվել է սեւծովյան էներգետիկայի ներդաշնակեցված շուկայի ստեղծման հիմնական փաստաթուղթը, ամփոփվել են 2010թ. հոկտեմբերին Հունաստանում ընդունված «Սեւծովյան տարածաշրջանում «կանաչ» էներգիայի զարգացման» վերաբերյալ հռչակագրով նախատեսված հատուկ մասնագիտական հանձնախմբի հիմնական գործառույթները:
- Ի՞նչ ծրագրեր են իրականացվում Հայաստանում այդ կազմակերպության շրջանակներում, որոնք արդեն ընթացքի մեջ են, եւ արդյոք կա՞ն նոր նախագծեր:
- Հայաստանը, հանդիսանալով ՍԾՏՀ գյուղատնտեսության ու գյուղարդյունաբերության եւ առողջապահության ու դեղագործության հարցերի աշխատանքային խմբերի համակարգող երկիր, անդամ երկրների քննարկմանը կոնկրետ առաջարկություններ եւ իրականացման գործնական միջոցներ է ներկայացրել սննդի անվտանգության եւ որակի բարձրացման, վարակիչ հիվանդությունների ախտորոշման, համաճարակային հսկողության եւ առողջությանը սպառնացող վտանգների դեմ պայքարի համատեղ ռազմավարության մշակման, սանիտարական պաշտպանության բնագավառում համագործակցության եւ բնագավառներում առաջնային այլ խնդիրների լուծման ուղղությամբ:
Ինչ վերաբերում է ՍԾՏՀ նախագծերի զարգացման հիմնադրամի շրջանակում իրականացվող ծրագրերին, ապա սկսած 2009 թվականի երկրորդ կեսից Հայաստանը կազմակերպության քարտուղարությանն է ներկայացրել չորս նախագիծ, որոնցից մեկըՙ «ՍԾՏՀ տարածաշրջանում տեխնոլոգիաների փոխանցման ցանց»-ն է, որը առաջարկվել էր ՀՀ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, հաջողությամբ անցել է բոլոր ընթացակարգերը եւ կֆինանսավորվի մոտակա 2-3 ամիսների ընթացքում:
Այս ծրագիրը կարեւորվում է նաեւ այն առումով, որ ս. թ. հուլիսից Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերի աշխատանքային խմբի երկամյա համակարգումը, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ ՍԾՏՀ սեկտորային գործընկեր Կորեան վերջերս հանդես էր եկել ոլորտում համագործակցության կոնկրետ ծրագրով, եւ այս կապակցությամբ նախնական քննարկումներ են անցկացվել հայ եւ կորեական փորձագետների միջեւ:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացված երկու նախագծերի շուրջ քննարկումները շարունակվում են ՍԾՏՀ համապատասխան աշխատանքային խմբի շրջանակում: ՀՀ մշակույթի նախարարության առաջարկած նախագիծը նոր է ընդգրկվել մշակույթի հարցերի աշխատանքային խմբի օրակարգում:
Ինչ վերաբերում է ՍԾՏՀ հաջորդ նախագահող երկիրՙ Ռուսաստանին, ապա այդ երկիրն իր նախագահության հիմնական հայեցակարգերն ու առաջնայնությունները նոր է ներկայացրել անդամ երկրների քննարկմանը:
- Ծրագրվո՞ւմ են արդյոք նախագծեր Հայաստանի մասնակցությամբ, որոնք կվերաբերեն հատկապես տրանսպորտային ուղիների զարգացմանը:
- Հայաստանը ակտիվորեն մասնակցում է կազմակերպության շրջանակում արդեն երկար տարիներ քննարկվող երեք խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի մշակման աշխատանքներին: ՍԾՏՀ շրջանակում իրականացվող տարածաշրջանում ավտոմոբիլային բեռնափոխադրումների համար փորձնական տարանցիկ թույլտվությունների տրամադրման վերաբերյալ պիլոտային ծրագրի մասին ասեմ, որ 2010 եւ 2011թթ. համար Հայաստանին տրամադրվել էր 200-ական թույլտվություններ: Սակայն ո՛չ 2010 թ. ընթացքում, ո՛չ էլ ընթացիկ տարվա անցած ժամանակահատվածում Հայաստանում այդ չափազանց շահավետ թույլտվությունները չեն կիրառվել: Միակ պատճառը Թուրքիայի համապատասխան իշխանությունների որդեգրած ոչ կառուցողական քաղաքականությունն է, ինչն ուղղակիորեն հակասում է 2002թ. ՍԾՏՀ անդամ երկրների (այդ թվում նաեւ Թուրքիայի) ստորագրած եւ 2006թ. վավերացված «ՍԾՏՀ տարածաշրջանում բեռների ավտոմոբիլային փոխադրումների դյուրացման» վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի 3-րդ եւ 6-րդ հոդվածներին:
ՍԾՏՀ օղակաձեւ մայրուղու զարգացման մասին կազմակերպության մեկ այլ խոշոր ծրագրի հիմնական խնդիրը շարունակում է մնալ մայրուղու հիմնական ուղու/ուղիների եւ միացումների/ճյուղերի հստակեցման հարցը: Ծրագրի տեխնիկական քարտուղարության վերջերս ամփոփած մայրուղու քարտեզը նոր փոփոխությունների էր ենթարկվել անդամ երկրների կողմից: Ներկայացվող առաջարկությունները փակուղային իրավիճակից դուրս բերելու փոխարեն հանգեցրել էին նոր տարաձայնությունների:
Այս իրավիճակում Հայաստանը կրկին առաջարկել էր խնդրի լուծումը փնտրել իրավական դաշտում 2007 թ. Բելգրադում ստորագրված «Սեւծովյան օղակաձեւ մայրուղու համակարգված զարգացման» վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի սահմաններումՙ հաշվի առնելով մայրուղու «հիմնական ուղի», «ճյուղ», «միացում», «օղակ», «ցանց» եւ այլ տեխնիկական որակավորումների հստակեցման անհրաժեշտությունը: Այս կապակցությամբ, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից ծրագրի տեխնիկական քարտուղարությանը ներկայացվել էր կոնկրետ եւ գործնական առաջարկություն:
ՍԾՏՀ տրանսպորտի բնագավառում համագործակցության երրորդ խոշոր ծրագրում, որն ուղղված է ծովային մայրուղիների զարգացմանը, Հայաստանը ակտիվ դերակատարություն չի ցուցաբերում:
- Սեւծովյան տնտեսական համագործակցությունը մեկ տասնյակից ավելի երկրների է միավորում, որոնցից ոմանք միմյանց հետ լուրջ խնդիրներ ունեն: Ի՞նչ հիմնական սկզբունքներ են կիրառվում խնդիրներ ունեցող երկրների միջեւ տնտեսական համագործակցություն ապահովելու համար:
- ՍԾՏՀ կազմակերպության շրջանակում համագործակցությունը իրականացվում է բազմակողմ ձեւաչափով, եւ տարածաշրջանային նշանակություն ունեցող ծրագրերում մասնակցում են երկուսից ավելի երկրներ: Հայաստանի, որպես ՍԾՏՀ հիմնադիր անդամ երկրներից մեկի, հստակ դիրքորոշումն այն է, որ կազմակերպության շրջանակում բազմակողմ տնտեսական համագործակցությունը պետք է իրականացվի միայն ՍԾՏՀ կանոնադրությամբ սահմանված կանոնների գերակայությամբ, իսկ միմյանց հետ խնդիրներ ունեցող երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը կարող է դյուրացվել բազմակողմ տնտեսական համագործակցության խթանման միջոցով:
- Ի՞նչ հեռանկարներ կարելի է քննարկել այդ կառույցում հայաստանյան ներկայացուցչության հետագա աշխատանքի իմաստով:
- Հայաստանը ՍԾՏՀ միակ անդամ երկիրն է, որ, օգտվելով կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածից, հիմնադրել է մշտական ներկայացուցչությունը ՍԾՏՀ-ում դիվանագիտական կարգավիճակով (նստավայրըՙ Ստամբուլ): ՍԾՏՀ մնացած 11 անդամ երկրներից մի քանիսը ներկայացված են Ստամբուլում այդ երկրների գլխավոր հյուպատոսներով կամ հյուպատոսության աշխատակիցներով: ՀՀ ներկայացուցչության հեռանկարներն ու հեղինակությունը ուղղակիորեն կապված են ՍԾՏՀ աշխատանքներում ՀՀ շահագրգիռ նախարարությունների եւ կազմակերպությունների փորձագետների առավել ներգրավվածությունից: Այս ուղղությամբ ներկայացուցչությունը ՍԾՏՀ քարտուղարության հետ համագործակցությամբ համապատասխան գործունեություն է իրականացնում ՀՀ ԱԳՆ միջոցով:
- Ինչպե՞ս եք գնահատում նման կառույցում Հայաստանի ներկայացվածությունը:
- Մենք կարեւորում ենք Հայաստանի անդամակցությունը այս կազմակերպությունում տարբեր, գլխավորապես սոցիալ-տնտեսական եւ այլ առումներով: ՍԾՏՀ-ն մեր բարդ տարածաշրջանում միակ խոշոր կազմակերպությունն է, որն իր օրակարգում ընդգրկում է տնտեսության տարբեր ոլորտներում բազմակողմ համագործակցության հարցեր: Բացի դրանից, ՍԾՏՀ կազմակերպության շրջանակներում Հայաստանը ունի բացառիկ հնարավորություն բազմակողմ ձեւաչափում ուղղակի շփումներ հաստատելու այն երկրների պատվիրակությունների հետ, որոնց հետ չունի դիվանագիտական հարաբերություններ: Հայաստանի համար մեծ նշանակություն ունի նաեւ այն հանգամանքը, որ մեր երկիրը ներկայացված է ՍԾՏՀ հարակից կազմակերպություններում, որոնք են ՍԾՏՀ խորհրդարանական համաժողովը, գործարար խորհուրդը, ՍԾՏՀ առեւտրի եւ զարգացման բանկը եւ Սեւծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: